Գորիսը քաղաք է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, գտնվում է ավելի քան 240 կմ հեռավորության վրա մայրաքաղաք Երևանից, մոտ 70 կմ հյուսիս-արևելք մարզկենտրոն Կապանից, Հասատան – Արցախ միջպետական մայրուղու վրա։ Քաղաքի կիսում է Որոտանի վտակ Վարարակն գետը։
Գորիսը հիմնադրվել է 1870 թվականին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885 թվականին Ռուսական Կայսրության կողմից։ Սակայն կան նաև փաստեր այն մասին, որ Գորիսը որպես քաղաք հիմնադրվել է ավելի ուշ 1890–ական թվականների կեսերին։ Այդ փաստն առաջ է բերում պատմաբան Լեոն այն ժամանակ, երբ այցելել էր Գորիս։ Նա Գորիս էր այցելել 1888 թվականին և գրում է, որ այդ թվականին դեռևս Գորիսում կային ընդամենը մի քանի տասնյակ տներ, և այդ պատճառով նա չէր ցանկանում Գորիսին անվանել քաղաք, սակայն նրան շատ էր գերել Գորիսի փողոցների դասավորությունը։ Քաղաքն ունի մոտ 20 հազար բնակչություն (2015) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։ Ունի 24 գյուղ։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։ Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։
Նախկինում քաղաքն անվանվել է Գերյուսի, Գուրիայա, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Ձագեձոր, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս։
1876թ. Հին Գորիսի մոտ գերմանացի ճարտարապետի կազմած նախագծով հիմնադրվում է Գորիս քաղաքը: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով քաղաքը բավական առաջադիմել էր: 1930թ. սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը:
Այժմ Գորիսը մարզի արդյունաբերական կենտրոններից է։ Խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից են «Գամմա, «Զանգեզուր, «Գորիսի միկրոշարժիչ ԲԲԸ-ները, գործում են էներգետիկայի, սննդարդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի մի շարք ձեռնարկություններ։
Քաղաքը նաև Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է: Գորիսում գործում է երկու ավագ, չորս հանրակրթական և մեկ հատուկ դպրոց: Գործող բարձրագույն ուսումնական հաստատություններն են Գորիսի պետական համալսարանը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, «Սյունիք» ինստիտուտը և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` Մանկավարժական քոլեջը ու Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջը: Գործում են 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 5 արտադպրոցական ուսումնական հաստատություններ` Ա. Սաթյանի և Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցներ, Գ.Պարոնյանի անվան Արվեստի դպրոց, Ա.Օրդյանի անվան շախմատի դպրոց, մանկապատանեկան մարզադպրոց: Մշակութային կառույցներն են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը՝ իր ստորաբաժանումներով, Երկրագիտական թանգարանը, Քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը, Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ա.Բակունցի տուն-թանգարանը, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը:
1992թ-ին համագործակցության համաձայնագիր է կնքվել Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև, որի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տուրիզմի, մշակույթի, կրթության, սպորտի, բնապահպանության, առողջապահության, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում:
2008թ․համագործակցության համաձայնագիր է կնքվել նաև Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Նեսվիժ շրջանի հետ:
Գեղեցիկ բնության, մաքուր օդի և բազմաթիվ տեսարժան վայրերի շնորհիվ Գորիս քաղաքն այժմ Հայաստանի գլխավոր տուրիստական ուղղություններից է: Համայնքի մեջ են մտնում Տաթև գյուղը, որտեղ գտնվում է Տաթևեր ճոպանուղին, Տաթևի վանական համալիրը, բակունցյան Հալիձորն իր Մթնաձորի անտառներով, Շինուհայրը, Քարահունջը՝ օղիների հայրենիքը, Խոտ, Տեղ Հարթաշեն, Բայանդուր կամ Վաղատուր գյուղերը, Կոռնիձորն ու Խնձորեսկը